Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Իրավական կարգավորումներ

Տարբերակ 2.2, գործում է 15 հոկ, 2026 թ.-ից

Հարթակի օպերատոր՝ «ՖԻՆԹԵՔ ՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 04470132, պետական գրանցման համար՝ 999.110.1616981, էլ. փոստ՝ [email protected], (այսուհետ՝ «Օպերատոր»)։

1. Ընդհանուր դրույթներ

1.1. Սույն պայմանները կարգավորում են hamematir.com կայքի և դրա հետ կապված ծառայությունների («Հարթակ») օգտագործման հարաբերությունները Օպերատորի և ֆիզիկական/իրավաբանական անձի («Օգտատեր») միջև։

1.2. Օգտատերը պայմաններն ընդունում է Հարթակում առանձին հաստատման գործողությամբ՝ նախապես ծանոթանալու հնարավորությամբ։ Օպերատորը պահպանում է պայմանների տարբերակը և հաստատման ժամանակի ու գործողության տեխնիկական գրառումը։

1.3. Հարթակը նախատեսված է չափահաս և գործունակ անձանց համար։ Օգտատերը կարող է դադարեցնել Հարթակի օգտագործումը ցանկացած պահի։

2. Ծառայությունների նկարագրությունը և իրավական կարգավիճակը

2.1. Հարթակը տրամադրում է տեղեկատվական և տեխնոլոգիական ծառայություններ՝ ֆինանսական առաջարկների համեմատություն, միասնական հարցաթերթիկ-հայտի լրացում, տվյալների ամբողջականության ստուգում, նախնական համապատասխանեցում գործընկեր կազմակերպությունների հրապարակված կամ համաձայնեցված հիմնական չափանիշներին և հայտի փոխանցում։

2.2. Օպերատորը բանկ կամ վարկատու չէ, չի տրամադրում վարկ, չի որոշում վարկի հաստատումը, տոկոսադրույքը կամ վերջնական պայմանները, չի կնքում վարկային պայմանագիր Օգտատիրոջ անունից կամ ֆինանսական կազմակերպության փոխարեն։

2.3. Նախնական համապատասխանեցումը չի նշանակում վարկի հաստատում կամ երաշխիք։ Վարկունակության վերջնական գնահատումը և որոշումը կայացնում է համապատասխան բանկը կամ վարկային կազմակերպությունը։

3. Անվճար ծառայություն և գործընկերային վճարումներ

3.1. Օգտատիրոջ համար Հարթակի միջոցով առաջարկների դիտումը, հայտի լրացումը, նախնական մշակումը և փոխանցումը անվճար են։

3.2. Օպերատորը կարող է գործընկեր բանկերից և վարկային կազմակերպություններից ստանալ առանձին պայմանագրերով սահմանված վարձատրություն՝ հաճախորդի ներգրավման, հայտի փոխանցման կամ արդյունքի համար։ Այդ հանգամանքը չի ստեղծում Օգտատիրոջ վճարային պարտավորություն։

3.3. Ֆինանսական կազմակերպության վարկի հետ կապված տոկոսները, վճարները և այլ պայմանները որոշվում ու բացահայտվում են տվյալ կազմակերպության կողմից՝ օրենքով սահմանված կարգով։

4. Հայտի ներկայացումը և նախնական մշակումը

4.1. Օգտատերը լրացնում է պահանջվող վարկի տեսակը, գումարը, ժամկետը, կապի տվյալները, զբաղվածության և եկամտի մասին տեղեկությունները, առկա պարտավորությունները և տվյալ ծառայության համար անհրաժեշտ այլ դաշտեր։

4.2. Օգտատերը պարտավորվում է ներկայացնել ճշգրիտ և արդիական տեղեկություններ։ Անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկվել կցել եկամուտը հաստատող փաստաթուղթ։

4.3. Օպերատորը կարող է ստուգել դաշտերի լրացվածությունը, կատարել թվաբանական և չափանիշային համադրումներ, ինչպես նաև նշված փաստաթղթերի տեսանելի տվյալների նախնական համեմատություն։ Նման ստուգումը չի հավաստում փաստաթղթի իսկությունը կամ վարկունակությունը։

4.4. Եթե տվյալները թերի են, Օպերատորը կարող է առաջարկել լրացում կամ չփոխանցել հայտը՝ պատճառը հնարավորության սահմաններում նշելով։

5. Գործընկերների ընտրություն և հայտի փոխանցում

5.1. Հարթակը կարող է ցուցադրել համապատասխան գործընկեր կազմակերպությունները և/կամ առաջարկել հայտի փոխանցման հերթականություն՝ հաշվի առնելով արտադրանքի չափանիշները, գործընկերային համագործակցության պայմանները և արձագանքման գործընթացը։

5.2. Հայտը որևէ կոնկրետ ֆինանսական կազմակերպության փոխանցվում է միայն Օգտատիրոջ առանձին, հստակ հաստատմամբ՝ այդ կազմակերպության անվանումը, փոխանցվող տվյալների կատեգորիաները և նպատակը ներկայացնելուց հետո։

5.3. Կասկադային փոխանցման դեպքում, եթե առաջին կազմակերպությունը սահմանված ժամանակահատվածում չի արձագանքում, Հարթակը կարող է առաջարկել կամ իրականացնել փոխանցում հաջորդ կազմակերպությանը միայն այն դեպքում, երբ այդ հաջորդ հասցեատերը ընդգրկված է Օգտատիրոջ նախապես տված կոնկրետ համաձայնության շրջանակում։ Հակառակ դեպքում անհրաժեշտ է նոր հաստատում։

5.4. Փոխանցումից հետո ֆինանսական կազմակերպությունը կարող է անմիջապես կապ հաստատել Օգտատիրոջ հետ և պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ առանձին համաձայնություններ։

6. Անձնական տվյալների պաշտպանություն

6.1. Օպերատորը մշակում է միայն հայտի ձևավորման, նախնական համադրման, հաղորդակցության, փոխանցման և ծառայության անվտանգության համար անհրաժեշտ անձնական տվյալները՝ կիրառելի իրավական հիմքի առկայությամբ։

6.2. Տվյալների կատեգորիաները, նպատակները, իրավական հիմքերը, ստացողները, պահպանման ժամկետները, անվտանգության միջոցները և Օգտատիրոջ իրավունքների իրականացման կարգը ներկայացվում են առանձին «Գաղտնիության քաղաքականությունում»։

6.3. Տվյալների փոխանցման և ֆինանսական կազմակերպության կողմից հայտի մշակման համաձայնությունները ներկայացվում են առանձին։ Բանկի կողմից պահանջվող համաձայնության վերջնական ձևը համաձայնեցվում է տվյալ բանկի հետ։

6.4. Համաձայնության հետկանչը և տվյալների ջնջման կամ ուղղման պահանջները քննարկվում են կիրառելի օրենսդրության համաձայն։ Հետկանչը ինքնաբերաբար չի վերացնում մինչև այդ օրինականորեն կատարված մշակումը կամ բանկի ինքնուրույն իրավական պարտավորությունները։

7. Կողմերի իրավունքները և պարտականությունները

7.1. Օպերատորը պարտավորվում է ողջամիտ միջոցներով ապահովել ծառայության անվտանգությունն ու փոխանցման ճշտությունը, տեղեկացնել էական փոփոխությունների մասին և տրամադրել տվյալների պաշտպանության հարցերով կապի միջոց։

7.2. Օգտատերը պարտավորվում է չներկայացնել այլ անձի տվյալներ առանց պատշաճ իրավական հիմքի, չօգտագործել կեղծ փաստաթղթեր և չխաթարել Հարթակի աշխատանքը։

8. Պատասխանատվություն

8.1. Օպերատորը պատասխանատվություն է կրում իր սեփական գործողությունների կամ անգործության համար՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Սույն պայմանները չեն սահմանափակում Օգտատիրոջ պարտադիր օրենքով երաշխավորված իրավունքները։

8.2. Օպերատորը չի երաշխավորում վարկի տրամադրումը կամ գործընկերոջ արձագանքի որոշակի ժամկետը, եթե դա առանձին հստակ պարտավորությամբ նախատեսված չէ։

9. Կապ, բողոքներ և վեճեր

9.1. Օգտատերը կարող է դիմել Օպերատորին՝ [email protected] հասցեով ։

9.2. Վեճերը նախ փորձ է արվում լուծել բանակցությամբ։ Չլուծվելու դեպքում կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը, իսկ վեճը քննվում է օրենքով իրավասու մարմնի կամ դատարանի կողմից։

10. Պայմանների փոփոխություն և ուժի մեջ մտնելը

10.1. Պայմանների գործող խմբագրությունը հրապարակվում է Հարթակում՝ ուժի մեջ մտնելու ամսաթվով։ Էական փոփոխությունների մասին Օգտատերը տեղեկացվում է ողջամիտ եղանակով, և անհրաժեշտության դեպքում պահանջվում է նոր հաստատում։

10.2. Պայմաններն ուժի մեջ են մտնում Օգտատիրոջ կողմից ընդունման պահից։

ՀԱՎԵԼՎԱԾ 1. ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

Այս ձևակերպումները նախատեսված են Հարթակի առանձին հաստատման դաշտերի համար։ Դրանք չեն փոխարինում Գաղտնիության քաղաքականությանը և յուրաքանչյուր բանկի կողմից պահանջվող հատուկ համաձայնություններին։

Ա. Օպերատորի կողմից տվյալների մշակում

Համաձայն եմ, որ «ՖԻՆԹԵՔ ՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ մշակի իմ տրամադրած անձնական, կոնտակտային, զբաղվածության, եկամտի և վարկային հայտին վերաբերող տվյալները՝ հայտը կազմելու, ամբողջականությունը ստուգելու, նախնական համապատասխանեցում կատարելու և ինձ հետ կապ հաստատելու նպատակներով՝ համաձայն Գաղտնիության քաղաքականության։

Բ. Տվյալների փոխանցում ընտրված բանկին

Համաձայն եմ, որ իմ հայտի տվյալները և իմ կցած փաստաթղթերը (եթե առկա են) փոխանցվեն հետևյալ կոնկրետ ֆինանսական կազմակերպությանը/կազմակերպություններին՝ հայտում ընտրված գործընկեր ֆինանսական կազմակերպությունները՝ վարկային հայտի ուսումնասիրության նպատակով։

Եթե նախատեսվում է կասկադային փոխանցում, համակարգը պետք է առանձին ցույց տա բոլոր հնարավոր ստացողներին և փոխանցման պայմանը։

Գ. Բանկի կողմից հայտի ուսումնասիրություն

Համաձայն եմ, որ հայտում ընտրված գործընկեր ֆինանսական կազմակերպությունները ստանան և մշակեն իրենց փոխանցված տվյալները՝ իմ վարկային հայտը ուսումնասիրելու և ինձ հետ կապ հաստատելու նպատակով՝ իմ ներկայացրած տեղեկատվության և համաձայնության պայմանների համաձայն։ Բանկերը ստանում և մշակում են նշված տվյալները ըստ ցուցակում նշված հերթականության, այլ ոչ թէ միաժամանակ։

Դ. Ընտրովի մարքեթինգային համաձայնություն

Ցանկանում եմ ստանալ hamematir.com-ի գովազդային և տեղեկատվական հաղորդագրությունները բջջային sms-ներ և էլ. նամակներ։ Այս համաձայնությունը կամավոր է և պարտադիր չէ հայտ ներկայացնելու համար։

ՀԱՎԵԼՎԱԾ 2. ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ

1. Տվյալների մշակողը

«ՖԻՆԹԵՔ ՊՐՈԴԱԿՏ» ՍՊԸ, հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, Մասիս, Արգավանդ, Կենտրոնական փողոց, 1-ին փակուղի, 16/1 շինություն, ՀՎՀՀ՝ 04470132, գրանցման համար՝ 999.110.1616981, էլ. փոստ՝ [email protected]։ Տվյալների պաշտպանության հատուկ կապի հասցեն՝ [նշել, եթե տարբերվում է]։

2. Հավաքագրվող տվյալներ

Անձի նույնականացման և կապի տվյալներ, հայտի պարամետրեր, զբաղվածության ու եկամտի վերաբերյալ տեղեկություններ, առկա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ հայտարարված տեղեկություններ, օգտատիրոջ կամավոր կցած փաստաթղթեր, ինչպես նաև անվտանգության տեխնիկական գրառումներ։

3. Նպատակներ և հիմքեր

Հայտի ձևավորում և փոխանցում, նախնական չափանիշային համադրում, օգտատիրոջ հետ հաղորդակցություն, անվտանգության ապահովում և իրավական պարտավորությունների կատարում։ Յուրաքանչյուր մշակման նպատակի իրավական հիմքը պետք է վերջնական տարբերակում հստակ նշվի։

4. Ստացողներ և փոխանցում

Օգտատիրոջ կողմից ընտրված ֆինանսական կազմակերպություններ, ինչպես նաև տեխնիկական ծառայություն մատուցողներ՝ անհրաժեշտության և համապատասխան պայմանագրային պաշտպանության առկայության դեպքում։

5. Անվտանգություն

Մուտքի իրավասությունների սահմանափակում, փոխանցման և պահպանման պաշտպանություն, գործողությունների հաշվառում, միջադեպերի արձագանքման ընթացակարգ, ենթամշակողների վերահսկում։

6. Օգտատիրոջ իրավունքները

Օգտատերը կարող է դիմել իր տվյալների վերաբերյալ տեղեկություն ստանալու, ուղղելու, օրենքով նախատեսված դեպքերում ջնջելու, մշակման դեմ առարկելու կամ համաձայնությունը հետ կանչելու պահանջով։ Դիմելու հասցե՝ [email protected]։

Դիմել վարկի