Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Ապահովագրություն

Ավտոմեքենաների ապահովագրություն․ ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ պայմանների համեմատություն և հաշվարկ

Ավտոմեքենայի շահագործումը միշտ էլ կապված է ֆինանսական ռիսկերի հետ՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, բնական աղետները և այլ հանգամանքներ կարող են անսպասելիորեն վնաս հասցնել և կանգնել ֆինանսական խնդիրների առջև։ Հենց այսպիսի դեպքերի համար է նախատեսված ավտոմեքենաների ապահովագրությունը, որը Հայաստանում գործում է երկու տարբերակով՝ պարտադիր և կամավոր։

avtomeqenaneri apahovagrutyun, online apahovagrutyun

Եկե՛ք ուսումնասիրենք ավտոմեքենաների ապահովագրության կարգը միասին և հասկանանք, թե մեքենայի ապահովագրության ո՛ր տարբերակն է լավագույնը ձեզ համար։

Հայաստանում գործում են ավտոմեքենաների ապահովագրության երկու հիմնական տեսակներ՝ պարտադիր՝ ԱՊՊԱ, և կամավոր՝ ԿԱՍԿՈ, որոնք տարբերվում են թե՛ ապահովագրական ծածկույթով, թե՛ պայմանագրի կնքման կարգով, արժեքով և փոխհատուցման պայմաններով։

  • ԱՊՊԱ-ն պարտադիր է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկող՝ օրենքով սահմանված տրանսպորտային միջոցների համար։
  • ԿԱՍԿՈ-ն, ընդհակառակը, կամավոր ապահովագրություն է, որի միջոցով ավտոմեքենայի սեփականատերը կարող է լրացուցիչ պաշտպանել իր գույքը։

Այս երկու ապահովագրատեսակների առանձնահատկությունները հասկանալը հնարավորություն է տալիս ընտրել մեքենայի արժեքին, օգտագործման նպատակին և վարորդի ֆինանսական հնարավորություններին համապատասխան տարբերակ։

Համեմատե՛ք ՀՀ բոլոր ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ առաջարկները, ընտրե՛ք լավագույն տարբերակն ու ստացե՛ք ավտոմեքենայի ապահովագրություն օնլայն։

ԱՊՊԱ պարտադիր ապահովագրություն․ ի՞նչ է ներառում և ինչպե՞ս ձևակերպել օնլայն

ԱՊՊԱ-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրությունը, նախատեսված է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց պատճառված վնասների փոխհատուցման համար։

ԱՊՊԱ-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ապահովագրական ընկերությունը փոխհատուցում է ոչ թե պատահարի մեղավոր վարորդի մեքենային հասցված վնասը, այլ նրա պատասխանատվության շրջանակում տուժած անձանց պատճառված վնասները։

Ի՞նչ է ներառում ԱՊՊԱ ապահովագրությունը

ԱՊՊԱ պայմանագրով փոխհատուցման ենթակա են՝

  • «Անձնական վնասները» - տուժած անձանց առողջությանը պատճառված վնասները, բուժման հետ կապված համապատասխան ծախսերը, աշխատունակության կորստի հետևանքով առաջացած եկամտի կորուստը և օրենքով նախատեսված այլ հատուցումները։
  • «Գույքային վնասները» - ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երրորդ անձանց ավտոմեքենաներին և այլ գույքին պատճառված վնասները։

ՀՀ օրենսդրությամբ սահմանված են նաև ապահովագրական հատուցումների առավելագույն չափերը։ Գործող պաշտոնական ուղեցույցի համաձայն՝ մեկ ապահովագրական դեպքի համար անձնական վնասների առավելագույն չափը 3.5 մլն դրամ է, իսկ գույքային վնասներինը՝ 2.5 մլն դրամ։ Մեկ պատահարի հետևանքով բոլոր տուժողներին վճարվող հատուցումների հանրագումարի համար նույնպես գործում են առանձին սահմանաչափեր։

Կարևոր է հիշել, որ ԱՊՊԱ-ն չի փոխհատուցում ապահովագրված վարորդի սեփական ավտոմեքենային պատճառված վնասը, եթե դրա համար առանձին ապահովագրական ծածկույթ նախատեսված չէ։

Ինչպե՞ս ձևակերպել ԱՊՊԱ-ն օնլայն

Հայաստանում ԱՊՊԱ դիմում կարելի է ներկայացնել օնլայն՝ առանց ապահովագրական ընկերությունների գրասենյակներ այցելելու, hamematir.com հարթակում, ընդամենը մեկ քայլով․

Դուք ուղարկում եք մեկ հայտ՝ ձեր ընտրած ապահովագրական ընկերություններին։ Բոլոր ընկերությունները միաժամանակ ստանում են հայտը և ներկայացնում իրենց առաջարկը․ ձեզ մնում է միայն համեմատել առաջարկներն ու ընտրել լավագույնը։

ԱՊՊԱ պայմանագիրը սովորաբար հնարավոր է կնքել 3 ամսից մինչև մեկ տարի ժամկետով։ Առանձին դեպքերում, մասնավորապես՝ մաքսային օրենսդրությամբ նախատեսված իրավիճակներում, կիրառվում են նաև ավելի կարճ ժամկետներ։ Օնլայն ձևակերպման ժամանակ կարևոր է ստուգել մուտքագրված տվյալների ճշտությունը, պայմանագրի մեկնարկի ամսաթիվը և գործողության ժամկետը։

Ավտոմեքենայի կամավոր ապահովագրություն՝ ԿԱՍԿՈ․ ե՞րբ է այն անհրաժեշտ

ԿԱՍԿՈ-ն ավտոմեքենայի կամավոր ապահովագրության տեսակ է, որի հիմնական նպատակը հենց ապահովագրված մեքենային պատճառված վնասների փոխհատուցումն է։ Ի տարբերություն ԱՊՊԱ-ի՝ ԿԱՍԿՈ-ն կարող է պաշտպանել սեփականատիրոջ ավտոմեքենան նաև այն դեպքերում, երբ պատահարի մեղավորը հենց ապահովագրված վարորդն է։

ԿԱՍԿՈ ապահովագրության ծածկույթը կախված է ընտրված ծրագրից և ապահովագրական պայմանագրից։ Այն կարող է ներառել՝

  • այլ ավտոմեքենայի կամ առարկայի հետ բախման հետևանքով առաջացած վնասները,
  • մեքենայի հրդեհի հետևանքով առաջացած վնասները,
  • բնական աղետների հետևանքով պատճառված վնասները,
  • ավտոմեքենայի գողության կամ հափշտակության ռիսկերը,
  • երրորդ անձանց ապօրինի գործողությունների հետևանքով մեքենային պատճառված վնասները,
  • մեքենայի վրա տարբեր առարկաների, այդ թվում՝ ձյան կամ սառույցի ընկնելու հետևանքով առաջացած վնասները։

Որոշ ապահովագրական ընկերություններ առաջարկում են նաև լրացուցիչ ծառայություններ՝ տարհանում, ճանապարհային օգնություն, վարորդի և ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն, վերանորոգման ընթացքում փոխարինող ավտոմեքենայի տրամադրում։

Ե՞րբ է նպատակահարմար ընտրել ԿԱՍԿՈ ապահովագրությունը

ԿԱՍԿՈ ապահովագրությունը հատկապես օգտակար կարող է լինել, երբ ավտոմեքենան նոր է կամ ունի բարձր շուկայական արժեք, ձեռք է բերվել վարկով կամ լիզինգով, և ֆինանսավորող կազմակերպությունը պահանջում է ԿԱՍԿՈ, հաճախ է շահագործվում քաղաքային երթևեկության պայմաններում կամ պարզապես սեփականատերը ցանկանում է պաշտպանված լինել գողության և բնական աղետների ռիսկերից ու թեթևացնել վերանորոգման հնարավոր ծախսերը։

ԿԱՍԿՈ պայմանագիր կնքելուց առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ապահովագրական դեպքերի ցանկին, բացառություններին, չհատուցվող դեպքերին և չհատուցվող գումարի՝ ֆրանշիզայի չափին։

Ի՞նչ գործոններ են ազդում մեքենայի ապահովագրության գնի վրա

Ավտոմեքենայի ապահովագրության արժեքը հաստատուն չէ։ Այն հաշվարկվում է մի շարք գործոնների հիման վրա, որոնք տարբեր են ԱՊՊԱ և ԿԱՍԿՈ ապահովագրությունների դեպքում։

ԱՊՊԱ-ի գնի վրա ազդող գործոնները հիմնականում հետևյալն են՝

  • ապահովադրի տարիքը,
  • բնակության կամ գրանցման մարզը,
  • ապահովադրի տեսակը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ,
  • տրանսպորտային միջոցի տեսակը,
  • շարժիչի հզորությունը,
  • ավտոմեքենայի ռիսկայնության դասը,
  • Բոնուս-Մալուս դասը,
  • պայմանագրի գործողության ժամկետը։

Կարևոր։ 2026 թվականի մայիսի 26-ից ուժի մեջ են մտել ԱՊՊԱ նոր սակագներ։ Ապահովագրական ընկերությունների կողմից կիրառվող գնագոյացման մոդելները կարող են տարբերվել, սակայն դրանք պետք է համապատասխանեն Բյուրոյի սահմանած պահանջներին։

ԿԱՍԿՈ-ի ապահովագրավճարը հիմնականում կախված է՝

  • ավտոմեքենայի շուկայական արժեքից,
  • մակնիշից և արտադրության տարեթվից,
  • տեխնիկական վիճակից,
  • մեքենայի օգտագործման նպատակից,
  • ապահովագրված ռիսկերի քանակից,
  • վարորդների տարիքից և վարորդական փորձից,
  • ընտրված ֆրանշիզայի չափից,
  • ապահովագրական պայմանագրի լրացուցիչ ծառայություններից։

Նոր և բարձրարժեք ավտոմեքենայի ԿԱՍԿՈ ապահովագրությունը, որպես կանոն, ավելի թանկ է, քան համեմատաբար հին և ցածր շուկայական արժեք ունեցող մեքենայինը։

Ինչպե՞ս է հաշվարկվում ապահովագրության արժեքը

  • ԱՊՊԱ-ի դեպքում ապահովագրավճարը հաշվարկվում է հաստատված գնագոյացման մոդելի հիման վրա։ Ընդհանուր տրամաբանությամբ՝

Ապահովագրավճար = Բազային ապահովագրավճար × Ռիսկայնության գործակիցներ × Ժամկետի գործակից × Բոնուս-Մալուս գործակից։

Կոնկրետ հաշվարկի համար անհրաժեշտ է հաշվի առնել տվյալ ապահովագրական ընկերության գործող մոդելը։

  • ԿԱՍԿՈ-ի դեպքում կիրառվում է այլ մոտեցում։ Ապահովագրական ընկերությունը գնահատում է մեքենայի արժեքը, ընտրված ռիսկերը, ֆրանշիզան և պայմանագրի այլ պայմանները, ապա որոշում ապահովագրավճարը։

Խորհուրդ։ Նախքան ավտոմեքենայի ապահովագրությունն ընտրելը ճիշտ կլինի մի քանի ապահովագրական ընկերություններից ստանալ անհատական հաշվարկ և համեմատել ոչ միայն գինը, այլև ապահովագրական ծածկույթը։ Դա կարելի է անել օնլայն՝ ուղարկելով մեկ հայտ և ստանալով մի քանի առաջարկներ։

Ի՞նչ է Բոնուս-Մալուս համակարգը

Բոնուս-Մալուսը ԱՊՊԱ ոլորտում կիրառվող համակարգ է, որի նպատակն է ապահովագրավճարի չափը կապել վարորդի ապահովագրական պատմության և ռիսկայնության հետ։ Համակարգը նախատեսում է երկու հիմնական մոտեցում՝

  • «Բոնուս»  - զեղչ ապահովագրավճարի նկատմամբ, որը կարող է ստանալ ապահովագրական պատմությամբ ավելի ցածր ռիսկայնություն ունեցող ապահովադիրը։
  • «Մալուս» -  հավելավճար, որը կիրառվում է ավելի բարձր ռիսկայնություն ունեցող ապահովադիրների նկատմամբ։

Բոնուս-Մալուս դասը որոշվում է ԱՊՊԱ տեղեկատվական համակարգի միջոցով։ Առաջին անգամ ԱՊՊԱ պայմանագիր կնքող ապահովադիրների համար սահմանվում է 10-րդ դասը։ Հետագա դասը կախված է ապահովագրական պատմությունից և գործող հաշվարկման կանոններից։

ԱՊՊԱ, թե՞ ԿԱՍԿՈ․ ավտոապահովագրության ո՞ր տեսակն ընտրել

ԱՊՊԱ-ն և ԿԱՍԿՈ-ն տարբեր նպատակներ են հետապնդում, ուստի դրանք լիարժեք փոխարինողներ չեն։ ԱՊՊԱ-ն պաշտպանում է երրորդ անձանց շահերը, իսկ ԿԱՍԿՈ-ն՝ մեքենայի սեփականատիրոջ գույքային շահերը, իսկ լիարժեք պաշտպանություն ապահովելու նպատակով մեքենայի սեփականատերը կարող է ունենալ երկու ապահովագրությունն էլ։

Խորհուրդ։ Եթե ձեռք եք բերում նոր կամ վարկով ավտոմեքենա, ԿԱՍԿՈ պոլիսը պաշտպանում է նույնիսկ ձեր մեղքով տեղի ունեցած վթարների դեպքում։ Իսկ ապահովագրությունն ընտրելիս չմոռանա՛ք համեմատել պայմանները Hamematir.com-ում և դիմել օնլայն:

Դիմել վարկի