Հոդված · Ապահովագրություն
Առողջության և բժշկական ապահովագրությունը Հայաստանում․ կամավոր փաթեթներ և սոցիալական ծածկույթ
Բոլորի կյանքում էլ լինում են դեպքեր, երբ լրացուցիչ ֆինանսական միջոցների կարիք է լինում՝ բուժման կամ վիրահատության, հետազոտությունների ու հետվիրահատական վերականգնման համար։ Հենց այսպիսի դեպքերում ծախսերը փոխհատուցելու համար են նախատեսված առողջության ապահովագրության փաթեթները։

Հայաստանում առողջության ապահովագրության համակարգը զարգանում է մի քանի ուղղություններով։ Գործում են թե՛ կամավոր բժշկական ապահովագրության անհատական և ընտանեկան փաթեթներ, թե՛ գործատուների կողմից առաջարկվող կորպորատիվ ապահովագրություններ։ 2026 թվականի հունվարի 1-ից գործում է նաև պետության կողմից կարգավորվող առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը, որը նախատեսում է փուլ առ փուլ ներգրավել ամբողջ բնակչությունը՝ մինչև 2029թ․։
Այս համակարգերի առանձնահատկությունների, ծածկույթի և պայմանների իմացությունը հնարավորություն է տալիս ընտրել ֆինանսական հնարավորություններին և առողջապահական կարիքներին համապատասխան ապահովագրական լուծում։
Ծանոթացե՛ք առողջության ապահովագրության առաջարկներին, համեմատե՛ք պայմաններն ու ընտրե՛ք լավագույնը։
Առողջության ապահովագրություն և բժշկական ապահովագրություն․ հիմնական տարբերություններն ու ծածկույթը
Առողջության ապահովագրությունը ֆինանսական պաշտպանության մեխանիզմ է, որի միջոցով ապահովագրված անձը պայմանագրով սահմանված պայմաններով ստանում է բժշկական ծառայությունների դիմաց կատարված ծախսերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում։
«Առողջության ապահովագրություն» և «բժշկական ապահովագրություն» հասկացությունները հաճախ օգտագործվում են որպես հոմանիշներ։ Երկուսն էլ վերաբերում են առողջապահական ծառայությունների ֆինանսական ապահովագրմանը։ Սակայն ապահովագրական փաթեթների շրջանակում դրանց բովանդակությունը կարող է տարբեր լինել՝ կախված առաջարկվող ծառայություններից, փոխհատուցման սահմանաչափերից և պայմանագրային բացառություններից։
Առողջության ապահովագրության հիմնական նպատակն է նվազեցնել հիվանդության կամ առողջական խնդիրների հետևանքով առաջացող ֆինանսական ռիսկերը և ապահովել անհրաժեշտ բուժօգնության հասանելիությունը։
Կախված ապահովագրական փաթեթի տեսակից՝ ծածկույթում կարող են ներառվել՝
- Բժշկի խորհրդատվություն - թերապևտի և նեղ մասնագիտացված բժիշկների այցելություններ
- Ախտորոշիչ հետազոտություններ - լաբորատոր անալիզներ, ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն, ՄՌՏ և այլ հետազոտություններ՝ ըստ պայմանագրի
- Ամբուլատոր բուժում - բժշկական հաստատությունում իրականացվող հետազոտություններ և բուժական միջամտություններ՝ առանց հոսպիտալացման
- Ստացիոնար բուժում - հիվանդանոցային բուժում, վիրահատություններ և բժշկական հսկողություն
- Շտապ բժշկական օգնություն - անհետաձգելի բուժօգնության և բժշկական տեղափոխման որոշ ծախսեր
- Դեղորայք - բժշկի նշանակած դեղերի ձեռքբերման ծախսերի ամբողջական կամ մասնակի փոխհատուցում
- Կանխարգելիչ բուժզննումներ - առողջական վիճակի պարբերական ստուգումներ և որոշ հիվանդությունների վաղ հայտնաբերման հետազոտություններ
Նշված բոլոր ծառայությունները պարտադիր չէ, որ ներառված լինեն յուրաքանչյուր ապահովագրական փաթեթում։ Ապահովագրական պայմանագիր կնքելուց առաջ անհրաժեշտ է ուսումնասիրել ոչ միայն ապահովագրական գումարը, այլև՝ փոխհատուցման սահմանաչափերը, բացառությունները, սպասման ժամկետները և ծառայություններից օգտվելու կարգը։
Ձեր ֆինանսական օգնական Hamematir.com-ը տալիս է հնարավորություն՝ ներկայացնելու առողջության ապահովագրության օնլայն հայտ մի քանի ապահովագրական ընկերությունների և ստանալ առաջարկներ։
Կամավոր բժշկական ապահովագրություն անհատների և ընտանիքների համար
Կամավոր բժշկական ապահովագրությունը հնարավորություն է տալիս ընտրել անհատական կամ ընտանեկան ապահովագրական փաթեթներ՝ սեփական ֆինանսական հնարավորություններին ու առողջապահական կարիքներին համապատասխան։
Անհատական ապահովագրության դեպքում պայմանագիր է կնքվում մեկ անձի համար։ Ապահովագրավճարը և ծածկույթի պայմանները կարող են կախված լինել մի շարք գործոններից՝
- ապահովագրվող անձի տարիքից,
- ընտրված ապահովագրական փաթեթի ծավալից,
- ապահովագրական գումարի չափից,
- ընդգրկված բժշկական ծառայություններից,
- ապահովագրական ընկերության պայմանագրային բժշկական հաստատությունների ցանկից։
Անհատական փաթեթները կարող են ներառել բժշկի խորհրդատվություն, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ամբուլատոր և ստացիոնար բուժում, շտապ օգնություն և դեղորայքի փոխհատուցում։
Ընտանեկան ապահովագրությունը հնարավորություն է տալիս մեկ ապահովագրական ծրագրի շրջանակում ընդգրկել ընտանիքի մի քանի անդամի։ Ընտանեկան փաթեթների պայմանները կարող են նախատեսել ամուսնու, կնոջ և երեխաների ապահովագրում։ Որոշ ծրագրերում ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանվում է առանձին ապահովագրական գումար, իսկ մյուսներում կարող է գործել ընդհանուր սահմանաչափ։
Ընտանեկան փաթեթ ընտրելիս կարևոր է ուշադրություն դարձնել երեխաների բուժզննումների, պատվաստումների, մասնագիտական խորհրդատվությունների և հիվանդանոցային բուժման ծածկույթին։
Սոցիալական ապահովագրություն և պետական փաթեթներ
Հայաստանում առողջապահական ծառայությունների ֆինանսավորման կարևոր ուղղություններից է պետության կողմից իրականացվող ապահովագրական և սոցիալական աջակցության համակարգը։ Այս համատեքստում անհրաժեշտ է տարբերակել առողջության համընդհանուր ապահովագրությունը, սոցիալական փաթեթը և պետության կողմից ֆինանսավորվող առանձին բժշկական ծրագրերը։
2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը։ Դրա հիմնական նպատակն է բնակչության համար ապահովել բժշկական ծառայությունների ավելի լայն հասանելիություն, նվազեցնել քաղաքացիների անմիջական ֆինանսական բեռը և ձևավորել առողջապահական ծախսերի միասնական ապահովագրական ֆինանսավորման մեխանիզմ։
Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են հետևյալ խմբերը՝
- մինչև 18 տարեկան երեխաները,
- 65 և ավելի տարեկան քաղաքացիները,
- հաշմանդամության 1-ին, 2-րդ և 3-րդ խմբեր ունեցող անձինք,
- ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձինք,
- սոցիալական աջակցության համակարգում ընդգրկված որոշ խմբեր,
- զոհված զինծառայողների ընտանիքները,
- ամսական 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է ընդգրկել նաև մինչև 200․000 դրամ աշխատավարձ ստացող աշխատողներին։
Համակարգը նախատեսում է փուլային ընդլայնում՝ բնակչության ավելի լայն շրջանակների ընդգրկմամբ։
Ո՞րն է առողջության ապահովագրության լավագույն տարբերակը
Առողջության ապահովագրության ընտրությունը պետք է հիմնված լինի անձի կամ ընտանիքի կարիքների, ֆինանսական հնարավորությունների և արդեն գործող ապահովագրական ծածկույթի գնահատման վրա։
Թեեւ առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում ներառվում են բժշկի խորհրդատվություններ, ամբուլատոր և ստացիոնար բուժում, բժշկական հետազոտություններ, դեղորայք և առողջապահական այլ ծառայություններ, սակայն դրանք ոչ միշտ են լիովին անվճար և հասանելի։ Շատ ծառայություններից օգտվելու համար դեղատներում և բժշկական կենտրոններում գործում է համավճար, իսկ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է նախ դիմել առաջնային բուժօգնություն մատուցող բժշկական հաստատություն (պոլիկլինիկա), անցնել նախնական զննում, այնուհետև, անհրաժեշտության դեպքում, ստանալ հետազոտության, դեղորայքի կամ մասնագետի մոտ այցելության ուղեգիր։
Եթե ընդգրկված եք առողջության համընդհանուր ապահովագրության համակարգում, կարող եք դիտարկել նաև լրացուցիչ առողջության կամավոր ապահովագրության հնարավորությունը՝ այն ծառայությունների համար, որոնք ամբողջությամբ չեն փոխհատուցվում հիմնական փաթեթով։
Ինչպե՞ս ընտրել կամավոր բժշկական ապահովագրության փաթեթ
Եթե դեռ ընդգրկված չեք պետական համակարգում կամ ցանկանում եք ունենալ ավելի լայն բժշկական ծառայությունների հասանելիություն, կարող եք ուսումնասիրել առողջության անհատական կամ ընտանեկան կամավոր ապահովագրության առաջարկները՝ hamematir.com-ում, համեմատել դրանք, ընտրել լավագույն տարբերակը և դիմել օնլայն։
Ապահովագրական առաջարկները համեմատելիս անհրաժեշտ է գնահատել ոչ միայն տարեկան ապահովագրավճարը, այլև՝ այն ծառայությունների շրջանակը, որոնցից հնարավոր կլինի օգտվել։ Հատկապես կարևոր են հետևյալ պայմանները.
- Ապահովագրական գումար – որքա՞ն է կազմում ապահովագրական ընկերության ստանձնած առավելագույն ֆինանսական պարտավորությունը։
- Ծառայությունների ծածկույթ – ի՞նչ հետազոտություններ, բուժումներ և բժշկական միջամտություններ են փոխհատուցվում։
- Համագործակցող բուժհաստատություններ – ո՞ր հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում և լաբորատորիաներում կարելի է օգտվել ապահովագրությունից։
- Սպասման ժամկետ - պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո ե՞րբ են սկսում գործել առանձին ծառայությունների փոխհատուցման պայմանները։
- Համավճար – արդյո՞ք ապահովագրված անձը պետք է ինքնուրույն վճարի բժշկական ծառայության արժեքի որոշակի մասը։
- Բացառություններ – ո՞ր հիվանդություններն ու բուժծախսերը չեն փոխհատուցվում։
Խորհուրդ։ Ընտրե՛ք բժշկական ապահովագրության լավագույն փաթեթը Hamematir.com-ի օգնությամբ։


