Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Բանկային ծառայությունների ապահովագրությունը Հայաստանում․ վարկեր, հիփոթեք և ավանդներ

Վարկ վերցնելը, հիփոթեքով բնակարան գնելը կամ բանկում ավանդ ներդնելը միշտ արվում է այն ժամանակ, երբ մարդ զգում է, որ գտնվում է ֆինանսապես կայուն վիճակում։ Սակայն կյանքում կարող են առաջանալ չնախատեսված իրավիճակներ՝ հիվանդություն, աշխատունակության կորուստ, անշարժ գույքի վնասում կամ այլ խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել լուրջ ֆինանսական դժվարությունների։ Հենց նմանիպ դեպքերում ֆինանսական կորուստները նվազեցնելու համար են գործում ապահովագրական և պետական պաշտպանության մեխանիզմները։

apahovagrutyun​ hayastanum​

Բանկային ծառայություններն ու ապահովագրությունը սերտորեն կապված են։ Վարկ ձևակերպելիս բանկը կարող է պահանջել ապահովագրել գրավադրվող գույքը, իսկ վարկառուին կարող են առաջարկել լրացուցիչ պաշտպանություն՝ աշխատունակության կորստի կամ չնախատեսված այլ դեպքերի համար։ Իսկ ավանդներ ներդնելիս ավանդատուների համար գործում է նաև բանկային ավանդների երաշխավորման առանձին պետական համակարգ։

Եկե՛ք պարզենք, թե բանկայինմ ծառայությունների ապահովագրման ինչպիսի պաշտպանության միջոցներ կան Հայաստանում, երբ են դրանք կիրառվում և ինչին է պետք ուշադրություն դարձնել բանկային ծառայություններ ձևակերպելիս։

Ապահովագրություն վարկի ձևակերպման ժամանակ․ ինչու է այն անհրաժեշտ

Երբ դիմում եք բանկ՝ վարկ ստանալու համար, բանկը գնահատում է ոչ միայն ձեր եկամուտներն ու վճարունակությունը, այլև գումարի վերադարձման հետ կապված հնարավոր ռիսկերը։ Կախված վարկի տեսակից և ծրագրի պայմաններից՝ բանկը կարող է ապահովագրության լրացուցիչ պահանջներ սահմանել։

Օրինակ՝ հիփոթեքային վարկ ձևակերպելիս ձեռք բերվող անշարժ գույքը սովորաբար գրավ է հանդիսանում։ Եթե հիպոթեքով գնված բնակարանում կամ սեփական տանը հրդեհ, ջրհեղեղ կամ ապահովագրական պայմանագրով նախատեսված այլ դեպք տեղի ունենա, գրավադրված գույքի արժեքը կարող է զգալիորեն նվազել։ Ահա այս դեպքում անշարժ գույքի ապահովագրությունն օգնում է պաշտպանել կողմերի գույքային շահերը և նվազեցնել նման իրավիճակների ֆինանսական հետևանքները։

Որոշ վարկային ծրագրերի դեպքում նույնպես վարկառուին առաջարկվում է կյանքի և առողջության ապահովագրություն։ Այն կարող է օգտակար լինել, եթե հիվանդության, հաշմանդամության կամ պայմանագրով նախատեսված այլ հանգամանքի պատճառով մարդը ժամանակավորապես կամ մշտապես կորցնի աշխատելու և վարկը մարելու հնարավորությունը։

Այնուամենայնիվ, կարևոր է տարբերել բանկի պարտադիր պահանջներն ու ապահովագրության կամավոր առաջարկները։ Ոչ բոլոր վարկերի դեպքում է ապահովագրությունը պարտադիր պայման։ Մինչև պայմանագիրը ստորագրելը պետք է ճշտել, թե ինչ ապահովագրություն է անհրաժեշտ վարկը ձևակերպելու համար, և որ լրացուցիչ ծառայություններից կարելի է հրաժարվել՝ առանց վարկավորման պայմանները փոխելու։

Ինչին ուշադրություն դարձնել․ բանկից խնդրեք պարզաբանել, թե որ ապահովագրական պոլիսներն են պարտադիր, արդյոք կարո՞ղ եք ինքնուրույն ընտրել ապահովագրական ընկերությունը, և ապահովագրությունից հրաժարվելը ինչպես  կազդի տոկոսադրույքի կամ վարկի այլ պայմանների վրա։

Անշարժ գույքի ապահովագրությունը հիպոթեքային վարկավորման ժամանակ

Հիփոթեքային վարկավորումը կապված է երկարաժամկետ ֆինանսական պարտավորությունների հետ, ուստի գրավադրվող գույքի պաշտպանությունը հատկապես կարևոր է։

Հիփոթեք ձևակերպելիս բանկը կարող է պահանջել ձեռք բերվող անշարժ գույքն ապահովագրել որոշակի ռիսկերից։ Սովորաբար խոսքը հրդեհի, բնական աղետների, ինժեներական հաղորդակցությունների վթարների և պայմանագրում նշված այլ դեպքերի հետևանքով գույքի վնասման կամ ոչնչացման մասին է։

Նման ապահովագրությունը առաջին հերթին պաշտպանում է գրավի հետ կապված գույքային շահերը։ Ապահովագրության պայմանագրում նշված՝ ապահովագրվող իրավիճակների առաջացման դեպքում (հրդեհ, բնական աղետներ, վթարներ) ապահովագրական ընկերությունը վճարում է փոխհատուցում՝ պոլիսի պայմաններին համապատասխան։ Փոխհատուցումն ստացողը կարող է լինել բանկը կամ անշարժ գույքի սեփականատերը՝ կախված պայմանագրից և ապահովագրության ձևակերպման կարգից։

Ապահովագրական պոլիս ընտրելիս կարևոր է հաշվի առնել ոչ միայն դրա արժեքը, այլև հետևյալ պայմանները․

  • ինչ ռիսկեր են ներառված ապահովագրական ծածկույթում,
  • որ դեպքերն են համարվում բացառություններ,
  • ինչ գումարի չափով է ապահովագրված անշարժ գույքը,
  • ով է ապահովագրական հատուցման շահառուն,
  • ինչպես է հաշվարկվում ապահովագրական հատուցումը,
  • ինչ ժամկետով է կնքվում պայմանագիրը և ինչպես է այն երկարաձգվում։

Արժե նաև ճշտել՝ արդյոք ապահովագրությունը տարածվո՞ւմ է ներքին հարդարման, ինժեներական համակարգերի և բնակարանի ներսում գտնվող այլ գույքի վրա։ Հիմնական ապահովագրական պոլիսը կարող է չծածկել բոլոր հնարավոր վնասները։

Կյանքի և վարկային պարտավորությունների ապահովագրություն

Ապահովագրության առանձին ուղղություն է վարկառուի կյանքի և վարկային պարտավորությունների ապահովագրությունը։ Դրա նպատակն է նվազեցնել մարդու և նրա ընտանիքի ֆինանսական բեռը, եթե առաջանան հանգամանքներ, որոնք խոչընդոտում են վարկի ժամանակին մարումը։

Օրինակ՝ մարդը ձևակերպել է խոշոր սպառողական վարկ կամ հիփոթեք, սակայն որոշ ժամանակ անց բախվել է լուրջ հիվանդության կամ աշխատունակության կորստի հետ։ Եթե համապատասխան ռիսկը ներառված է ապահովագրական պայմանագրում, ընկերությունը կարող է փոխհատուցում վճարել՝ սահմանված պայմանների շրջանակում։

Կախված ապահովագրական ծրագրից՝ ծածկույթը կարող է ներառել՝

  • վարկառուի մահը,
  • հաշմանդամության սահմանումը,
  • աշխատունակության ժամանակավոր կամ մշտական կորուստը,
  • աշխատանքի կորուստը, եթե նման ռիսկ նախատեսված է տվյալ ապահովագրական պոլիսով։

Կարևոր է հաշվի առնել, որ նշված դեպքերն ինքնաբերաբար չեն ներառվում ապահովագրական ծածկույթում։ Օրինակ՝ սեփական ցանկությամբ աշխատանքից ազատվելը կամ ժամանակավոր անաշխատունակությունը կարող են չհամարվել ապահովագրական դեպքեր։

Վարկառուի ապահովագրություն ձևակերպելուց առաջ խորհուրդ է տրվում պարզել՝

  • որ դեպքերն են համարվում ապահովագրական,
  • ինչ սահմանափակումներ և բացառություններ կան,
  • պոլիսը ծածկո՞ւմ է արդյոք վարկի ամբողջ գումարը, թե՞ միայն դրա մի մասը,
  • ով է ստանում ապահովագրական հատուցումը,
  • արդյոք պաշտպանությունը գործո՞ւմ է վարկավորման ամբողջ ժամկետի ընթացքում,
  • որքան է ապահովագրության ամբողջական արժեքը։

Այս հարցերի պարզաբանումը կօգնի հասկանալ՝ արդյոք լրացուցիչ ծառայությունն իսկապես ապահովում է անհրաժեշտ պաշտպանությունը և որքանով է այն ավելացնում վարկի ընդհանուր ծախսերը։

Բանկային ավանդների երաշխավորումը Հայաստանում․ ինչ գումարներ են երաշխավորվում

Ի տարբերություն անշարժ գույքի կամ վարկառուի կյանքի ապահովագրության՝ Հայաստանում բանկային ավանդների պաշտպանությունն իրականացվում է պետական հատուկ համակարգի միջոցով։

Այդ նպատակով գործում է Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը։ Այն ապահովում է ավանդատուներին փոխհատուցում օրենքով նախատեսված ապահովագրական դեպքի՝ բանկի անվճարունակության առաջացման դեպքում։

Երաշխիքը տարածվում է Հայաստանում գործող բանկերում ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի ավանդների վրա։ Ավանդատուն կարիք չունի առանձին ապահովագրական պոլիս ձևակերպելու կամ լրացուցիչ գումար վճարելու․ երաշխավորումն ինքնաբերաբար գործում է օրենսդրությանը համապատասխան։

Գործող կանոնների համաձայն՝ երաշխավորված փոխհատուցման առավելագույն չափերը հետևյալն են․

  • մինչև 16 միլիոն դրամ, եթե ավանդը ներդրված է միայն ՀՀ դրամով,
  • մինչև 7 միլիոն դրամ, եթե ավանդը ներդրված է միայն արտարժույթով։

Եթե նույն բանկում անձն ունի միաժամանակ դրամային և արտարժութային ավանդներ, կիրառվում է հաշվարկի հատուկ կարգ։

Օրինակ՝ եթե դրամային ավանդի գումարը կազմում է 5 միլիոն դրամ, այն ամբողջությամբ երաշխավորվում է, իսկ արտարժութային ավանդը երաշխավորվում է 7 միլիոն և 5 միլիոն դրամների տարբերության չափով, այսինքն՝ ևս մինչև 2 միլիոն դրամին համարժեք գումարով։

Եթե դրամային ավանդի գումարը գերազանցում է 7 միլիոն դրամը, երաշխավորվում է միայն դրամային մասը՝ մինչև 16 միլիոն դրամի սահմանաչափով։ Այդ դեպքում արտարժութային ավանդը չի ներառվում երաշխավորված փոխհատուցման հաշվարկում։

Միևնույն բանկում նույն անձի՝ նույն արժույթով բոլոր ավանդները գումարվում են երաշխավորված փոխհատուցման չափը հաշվարկելիս։ Եթե միջոցները տեղադրված են տարբեր բանկերում, երաշխավորումը հաշվարկվում է յուրաքանչյուր բանկի համար առանձին։

Կարևոր։ Ավանդների երաշխավորումը սովորական առևտրային ապահովագրություն չէ, որը հաճախորդն ինքն է ընտրում և վճարում դրա համար։ Այն օրենքով նախատեսված՝ ավանդատուների պաշտպանության մեխանիզմ է։ Փոխհատուցումը կատարվում է ՀՀ դրամով, իսկ արտարժութային ավանդները վերահաշվարկվում են ՀՀ կենտրոնական բանկի՝ ապահովագրական դեպքի օրվա համար սահմանված փոխարժեքով։

Հետևաբար, ավանդ ընտրելիս արժե հաշվի առնել ոչ միայն տոկոսադրույքն ու ներդրման ժամկետը, այլև այն գումարի չափը, որը ենթակա է պետական երաշխավորման։

Խորհուրդներ բանկային ծառայություններից օգտվողներին

  • Hamematir.com հարթակում կարող եք համեմատել Հայաստանի բոլոր բանկերի վարկային առաջարկներն ու ավանդները, ուսումնասիրել պայմանները և ընտրել ամենահարմար տարբերակը։
  • Ձեզ հետաքրքրող բանկային ծառայությունն ընտրելուց հետո ընդամենը մեկ օնլայն հայտով կարևող եք դիմել տվյալ ծառայության համար՝ ազատվելով մի քանի բանկերի առանձին-առանձին դիմելու անհրաժեշտությունից և խնայելով ժամանակ։

Կարդացե՛ք նաև, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը։

Դիմել վարկի