Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Լիզինգի պայմանները և ձևակերպումը Հայաստանում․ ինչ պետք է իմանալ նախքան պայմանագիր կնքելը

Լիզինգը ֆինանսավորման գործիք է, որը թույլ է տալիս ձեռք բերել գույք, սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ կամ արտադրական տեխնիկա՝ առանց դրանց ամբողջ արժեքը միանգամից վճարելու։ Այն կարևոր նշանակություն ունի բիզնեսի զարգացման, արտադրական կարողությունների ընդլայնման և նոր ներդրումային ծրագրերի իրականացման համար։

Լիզինգի պայմանները և ձևակերպումը Հայաստանում․ ինչ պետք է իմանալ նախքան պայմանագիր կնքելը

Հայաստանում լիզինգային ծառայություններից կարող են օգտվել իրավաբանական անձիք, անհատ ձեռնարկատերերը, ֆիզիկական անձինք՝ կախված ֆինանսական կազմակերպության առաջարկած ծրագրից։

hamematir.com հարթակում կարող եք լրացնել լիզինգի օնլայն դիմում և ստանալ լիզինգատուների պատասխանները ձեր անձնական էջում։ Համապատասխան առաջարկը հաստատելուց հետո անհրաժեշտ է այցելել լիզինգ տրամադրող ընկերություն և կնքել լիզինգի պայմանագիր։

Իսկ ի՞նչ է պետք  լիզինգի պայմանագիր կնքելու համար։ Պայմանագիրը կնքելուց առաջ կարևոր է հասկանալ դրա գործողության սկզբունքը, ֆինանսական պարտավորությունները, պահանջվող փաստաթղթերը և իրավական առանձնահատկությունները։

Ի՞նչ է լիզինգը և ինչպե՞ս է այն աշխատում

Լիզինգը ֆինանսական վարձակալություն է, որի ֆինանսավորման մեխանիզմը հաճախորդին հնարավորություն է տալիս ձեռք բերել և օգտագործել իրեն անհրաժեշտ գույքը՝ դրա արժեքը վճարելով պայմանագրով սահմանված ժամանակահատվածում և պարբերական վճարումներով։ 

Լիզինգի գործարքում հիմնականում ներգրավված են երեք կողմեր՝

  • Լիզինգատուն՝ բանկը կամ համապատասխան իրավասություն ունեցող մասնագիտացված կազմակերպությունը, որը ձեռք է բերում գույքը և տրամադրում լիզինգով։
  • Լիզինգառուն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ով օգտվում է գույքից և կատարում սահմանված վճարումները։
  • Վաճառողը կամ մատակարարը՝ այն կազմակերպությունը, որից ձեռք է բերվում լիզինգի առարկան։

Գործարքի իրականացման քայլերը հետևյալն են․

  • լիզինգառուն ընտրում է անհրաժեշտ գույքը և մատակարարին,
  • լիզինգատուն ձեռք է բերում այն սեփականության իրավունքով և պայմանագրով սահմանված վճարի դիմաց հանձնում լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանն ու օգտագործմանը։

Լիզինգի առանձնահատկությունը

Պայմանագրի գործողության ընթացքում ձեռք բերված գույքը մնում է լիզինգատուի սեփականությունը։ Պայմանագրի ավարտին գույքի սեփականության իրավունքը փոխանցվում է լիզինգառուին, եթե դա նախատեսված է պայմաններով և կատարվել են համապատասխան վճարումները։

Լիզինգի միջոցով հնարավոր է ձեռք բերել՝

  • ավտոմեքենաներ և տրանսպորտային միջոցներ,
  • գյուղատնտեսական և շինարարական տեխնիկա,
  • արտադրական սարքավորումներ,
  • բժշկական և լաբորատոր սարքավորումներ,
  • առևտրային և սպասարկման ոլորտի համար անհրաժեշտ տեխնիկա,
  • որոշ դեպքերում՝ անշարժ գույք։

Լիզինգի առավելությունները

Հաճախորդը կարող է սկսել օգտագործել անհրաժեշտ ակտիվը՝ առանց դրա ամբողջ արժեքը միանգամից վճարելու։ Սա հատկապես օգտակար է այն բիզնեսների համար, որոնք ցանկանում են պահպանել իրենց շրջանառու միջոցները և ուղղել դրանք ընթացիկ գործունեությանն ու զարգացմանը։

Լիզինգի ձևակերպման կարգը Հայաստանում և պահանջվող փաստաթղթերը

Հայաստանում լիզինգի ձևակերպումը սկսվում է Ֆինանսական կազմակերպությանն ուղղված դիմում-հայտի ներկայացումով, որը կարելի է անել օնլայն։

Դիմելուց առաջ խորհուրդ ենք տալիս․

  • Ուսումնասիրել տարբեր կազմակերպությունների առաջարկները,
  • Համեմատել կանխավճարի չափը, տոկոսադրույքը, մարման ժամկետը և լրացուցիչ վճարները։

Լիզինգի ձևակերպման հիմնական փուլերն են՝

  1. Գույքի և մատակարարի ընտրություն։ Հաճախորդն ընտրում է այն գույքը, որը ցանկանում է ձեռք բերել լիզինգի միջոցով, և ներկայացնում տեղեկություններ դրա արժեքի ու մատակարարի վերաբերյալ։
  2. Հայտի ներկայացում։ Լիզինգառուն դիմում է բանկին կամ լիզինգային կազմակերպությանը՝ ներկայացնելով անհրաժեշտ տվյալներն ու փաստաթղթերը։
  3. Ֆինանսական գնահատում։ Կազմակերպությունն ուսումնասիրում է դիմողի ֆինանսական վիճակը, եկամուտները, գործող պարտավորությունները և վճարունակությունը։ Բիզնեսի դեպքում կարող են գնահատվել նաև գործունեության ոլորտը, շրջանառությունը և ֆինանսական հաշվետվությունները։
  4. Ֆինանսավորման պայմանների հաստատում։ Գնահատման արդյունքներով որոշվում են ֆինանսավորման չափը, կանխավճարը, տոկոսադրույքը, ժամկետը և հնարավոր լրացուցիչ ապահովումները։
  5. Պայմանագրի կնքում և գույքի ձեռքբերում։ Հաստատումից հետո կնքվում է լիզինգի պայմանագիրը, լիզինգատուն ձեռք է բերում գույքը, և այն հանձնվում է լիզինգառուին։
  6. Վճարումների իրականացում։ Լիզինգառուն պայմանագրով սահմանված ժամանակացույցով կատարում է պարբերական վճարումները։

Լիզինգի ձևակերպման համար պահանջվող փաստաթղթերը՝

  • Ֆիզիկական անձանցից՝
  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • հանրային ծառայությունների համարանիշ կամ համապատասխան տեղեկանք,
  • եկամուտները հաստատող փաստաթղթեր,
  • բանկային հաշվի քաղվածքներ,
  • ձեռք բերվող գույքի վերաբերյալ փաստաթղթեր։

Իրավաբանական անձանցից և անհատ ձեռնարկատերերից՝

  • պետական գրանցման և իրավաբանական անձի տվյալները,
  • տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ,
  • ֆինանսական հաշվետվություններ,
  • հարկային և բանկային քաղվածքներ,
  • գործունեության և եկամուտների վերաբերյալ տեղեկություններ,
  • գույքի ձեռքբերման հաշիվ-ապրանքագիր կամ գնառաջարկ,
  • անհրաժեշտության դեպքում՝ երաշխավորության կամ լրացուցիչ ապահովման փաստաթղթեր։

Փաստաթղթերի վերջնական ցանկը սահմանում է ֆինանսական կազմակերպությունը՝ իր ներքին ընթացակարգերի և ռիսկերի գնահատման չափանիշների համաձայն։ 

Լիզինգի հիմնական պայմաններն ու տոկոսադրույքները

Լիզինգի պայմանները կարող են էականորեն տարբերվել՝ կախված ֆինանսավորվող գույքի տեսակից, արժեքից, դիմողի ֆինանսական վիճակից, պայմանագրի ժամկետից և ընտրված կազմակերպությունից։

Դրանք են՝

  • Կանխավճար։ Չափը սահմանվում է ֆինանսական կազմակերպության առաջարկով։ Որոշ ծրագրեր նախատեսում են նաև զրոյական կանխավճար, սակայն այդ դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ ապահովումներ կամ սահմանվել այլ ֆինանսական պայմաններ։
  • Տոկոսադրույք։ Լիզինգի տոկոսադրույքը կարող է լինել ֆիքսված կամ փոփոխական՝ կախված պայմանագրից։
  • Ֆինանսավորման ժամկետ։ Կախված է գույքի տեսակից և դրա օգտագործման նպատակներից։ Կարող է տատանվել մի քանի ամսից մինչև մի քանի տարի։
  • Լիզինգային վճարումներ։ Կարող են իրականացվել ամսական կամ պայմանագրով սահմանված այլ պարբերականությամբ։ Ներառում են ֆինանսավորման մայր գումարի և տոկոսների համապատասխան բաղադրիչները։
  • Ապահովագրություն և լրացուցիչ ապահովումներ։ Որոշ դեպքերում լիզինգի առարկայի ապահովագրությունը պարտադիր պայման է։ Ֆինանսական կազմակերպությունը կարող է նաև պահանջել երաշխավորություն կամ լրացուցիչ գրավ։
  • Արժույթ։ Լիզինգը կարող է տրամադրվել ՀՀ դրամով կամ արտարժույթով՝ կախված տվյալ կազմակերպության ծրագրից։ Արտարժույթով ֆինանսավորման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել փոխարժեքի փոփոխության հետ կապված ռիսկերը։

Հայաստանում որոշ լիզինգային ծրագրեր կարող են ներառել նաև պետական աջակցություն և տոկոսադրույքի սուբսիդավորման մեխանիզմներ։ Ուստի լիզինգ ընտրելիս պետք է համեմատել ոչ միայն հայտարարված տոկոսադրույքները, այլև ամբողջ պայմանագրի ընթացքում վճարվելիք գումարը, կանխավճարը, միջնորդավճարները, ապահովագրության ծախսերը և հնարավոր տույժերը։

Լիզինգի պայմանագիր․ կարևոր կետերն ու լիզինգի մասին օրենքը

Լիզինգի պայմանագիրը գործարքի հիմնական իրավական փաստաթուղթն է։ Այն սահմանում է լիզինգատուի և լիզինգառուի իրավունքներն ու պարտականությունները, ֆինանսավորման պայմանները, գույքի օգտագործման կարգը և պայմանագրի դադարեցման հիմքերը։

Հայաստանում լիզինգի իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով։ Լիզինգին նվիրված են 677-684-րդ հոդվածները և դրանց հարակից դրույթները։ 2020 թվականի հունիսի 18-ի օրենսդրական փոփոխություններով համապատասխան կարգավորումները վերաշարադրվել են՝ «ֆինանսական վարձակալություն» հասկացության փոխարեն կիրառելով «լիզինգ» եզրույթը։

Օրենսդրության համաձայն՝ լիզինգի պայմանագիրը կնքվում է գրավոր։ Անշարժ գույքի լիզինգի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման։

Պայմանագիր կնքելուց առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ դրույթներին․

  • Լիզինգի առարկայի նկարագրություն։ Պայմանագրում պետք է հստակ նշված լինեն գույքի տեսակը, մակնիշը, մոդելը, տեխնիկական բնութագրերը, արժեքը և նույնականացման տվյալները։
  • Լիզինգի ընդհանուր արժեք և վճարումների ժամանակացույց։ Անհրաժեշտ է ուսումնասիրել կանխավճարի չափը, ամսական վճարումները, տոկոսադրույքը, միջնորդավճարները և պայմանագրի ամբողջ ընթացքում վճարվելիք գումարը։
  • Գույքի սեփականության իրավունք։ Պետք է հստակեցնել, թե ինչ պայմաններով և երբ է գույքը փոխանցվելու լիզինգառուի սեփականությանը։
  • Ապահովագրություն և սպասարկում։ Պետք է պարզել՝ ով է պատասխանատու գույքի ապահովագրության, տեխնիկական սպասարկման, վերանորոգման և շահագործման հետ կապված ծախսերի համար։
  • Ուշացումներ և տույժեր։ Պայմանագրում պետք է նշված լինեն վճարումների ուշացման հետևանքները, տույժերի հաշվարկման կարգը և հնարավոր լրացուցիչ ծախսերը։
  • Վաղաժամկետ մարում և պայմանագրի լուծում։ Կարևոր է պարզել՝ արդյոք հնարավոր է վաղաժամկետ մարել պարտավորությունները, ինչ վճարներ կարող են առաջանալ և ինչ պայմաններով կարող է դադարեցվել պայմանագիրը։
  • Գույքի վերադարձման պայմաններ։ Պետք է հստակ սահմանված լինեն այն դեպքերը, երբ պայմանագրի խախտման կամ լուծման հետևանքով գույքը ենթակա է վերադարձման լիզինգատուին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ լիզինգառուն որոշ դեպքերում իրավունք ունի անմիջականորեն վաճառողին ներկայացնելու պահանջներ՝ կապված գույքի որակի, ամբողջականության կամ մատակարարման ժամկետների խախտման հետ։

Միաժամանակ լիզինգառուն պարտավոր է պահպանել գույքը, օգտագործել այն պայմանագրով սահմանված նպատակներով և կատարել վճարումները սահմանված ժամկետներում։

Ի՞նչ ստուգել մինչև լիզինգի պայմանագիր կնքելը

Մինչև պայմանագիրը ստորագրելը խորհուրդ  է տրվում․

  • համեմատել առնվազն մի քանի ֆինանսական կազմակերպությունների առաջարկները,
  • հաշվարկել լիզինգի ամբողջական արժեքը,
  • ուսումնասիրել տարեկան փաստացի տոկոսադրույքը,
  • ճշտել բոլոր միջնորդավճարներն ու լրացուցիչ ծախսերը,
  • պարզել վաղաժամկետ մարման պայմանները,
  • ուսումնասիրել ապահովագրության և գույքի սպասարկման պահանջները,
  • ուշադրությամբ կարդալ պայմանագրի լուծման և տույժերի վերաբերյալ դրույթները։

Խորհուրդներ լիզինգի դիմել պատրաստվողներին

  • Ուշադրություն դարձրեք պայմանագրում նշված կանխավճարի չափին, ապահովագրության (ԿԱՍԿՈ) պահանջներին և գույքի փոխանցման պայմաններին։ 
  • Դիմեք լիզինգի օնլայն հայտով՝ ավտոմեքենայի, սարքավորման, տեխնիկայի կամ անշարժ գույքի համար։ Տեսե՛ք, թե որ լիզինգատուները կստանան հայտը, հաստատեք փոխանցումը և հետևեք յուրաքանչյուր պատասխանին ձեր անձնական էջում։
Դիմել վարկի