Ուղեցույց · Վարկեր
Անվանական տոկոսադրույք և տարեկան փաստացի տոկոսադրույք
Անվանական և տարեկան փաստացի տոկոսադրույքի մասին լսում ենք ամեն անգամ բանկերից կամ վարկային կազմակերպություններից վարկեր վերցնելիս։ Պարզենք միասին, թե որն է անվանական տոկոսադրույքը, և որը՝ տարեկան փաստացի տոկոսադրույքը։

Ի՞նչ է անվանական տոկոսադրույքը
Անվանական է համարվում այն տոկոսադրույքը, որի հիման վրա հաշվարկվում է տոկոսավճարների մեծությունը։ Որպես կանոն՝ անվանական տոկոսադրույքը ֆիքսված է լինում, սակայն հանդիպում են նաև «լողացող» և փոփոխվող տոկոսադրույքներ։ Դա նշանակում է, որ տոկոսադրույքը իջնում կամ բարձրանում է արտարժույթի գնի փոփոխությունից, բանկի հաշվարկային դրույքից։ Հետևաբար, անվանական տոկոսադրույքը լինում է հաստատուն և փոփոխական։ Սպառողական վարկ վերցնելիս հարկ է ուշադրություն դարձնել արտարժույթի գնի փոփոխականության միտումներին։
Անվանական տոկոսադրույքը հաշվի չի առնում գնաճի մակարդակը։ Սա պայմանագրում նշված տոկոսն է, որի հիման վրա հաշվարկվում են տոկոսագումարները։ Անվանական տոկոսադրույքը չի ներառում միջնոդավճարներ, սպասարկման կամ այլ ծախսեր։
Ի՞նչ է տարեկան փաստացի տոկոսադրույքը (ՏՓՏ)
Սպառողական կամ այլ վարկ վերցնելիս հաճախ ենք կատարում վճարումներ գործարքների կատարման, գույքի գնահատման, նոտարական հաստատման կամ այլ գործողությունների համար։ Հենց այս վճարումներից էլ գոյանում է տարեկան փաստացի տոկոսադրույքը։ Եթե անվանական տոկոսադրույքը բանկի կողմից հաստատված հաստատուն թիվ է, ապա փաստացի տարեկան տոկոսադրույքը ձևավորվում է վերը թվարկված վճարումներից։ Այս ծախսերը մեծացնում են վարկի իրական արժեքը։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական արժեքը՝ հաշվի առնելով տոկոսավճարների կատարման հաճախականությունը և վարկի հետ կապված բոլոր ծախսերը։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե ինչ տոկոսադրույքով կվճարվեր վարկը, եթե վերը թվարկված բոլոր ծախսերը ներառվեին վարկի գումարի մեջ։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը, որպես կանոն, ավելի բարձր է լինում, քան անվանական տոկոսադրույքը։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ներառում է՝
- Վարկի տրամադրման և սպասարկման վճարները,
- Կանխիկացման կամ փոխանցման վճարները,
- Գույքի գնահատման և նոտարական վավերացման ծախսերը (եթե կան),
- Պարտադիր ապահովագրավճարները (օրինակ՝ գույքի կամ կյանքի ապահովագրություն),
- Տոկոսավճարների հաճախականությունը։
Սպառողական կամ այլ վարկ վերցնելիս կարևոր է ուշադրություն դարձնել ոչ թե անվանական, այլ՝ տարեկան փաստացի տոկոսադրույքին։
Ինչպե՞ս համեմատել վարկային բոլոր առաջարկներն ու ընտրել ամենաշահավետ տարբերակը
Վարկային առաջարկներ դիտարկելիս պետք է հիմնվել բացառապես տարեկան փաստացի տոկոսադրույքի վրա։
Հիշե՛ք․ Անվանական տոկոսադրույքը՝
- Ներառում է միայն բանկի սահմանած բազային տոկոսը,
- Չի արտացոլում միջնորդավճարները,
- Կիրառվում է ամսական տոկոսագումարը հաշվարկելիս։
Տարեկան տոկոսադրույքի մեջ են մտնում ոչ միայն բոլոր լրացուցիչ վճարները, այլև՝ հենց անվանական տոկոսադրույքը։ Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս վարկի իրական արժեքը։ Այն համեմատության գլխավոր գործիքն է։
ՏՓՏ-ների համեմատության համար պետք է կատարել հետևյալ քայլերը
- Բանկից պահանջել ՏՓՏ-ի հաշվարկը։ Բանկերը և վարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև վարկը տրամադրելը այն տրամադրել ձեզ։
- Համեմատել միայն ՏՓՏ-ները, քանի որ դրանք գործ ունեն վարկի ամբողջական գումարի հետ։
- Ուշադրություն դարձնել մարման եղանակին։ Անուիտետային (հավասարաչափ ամսական մարումներ) և դիֆերենցված (նվազող ամսական մարումներ) եղանակները նույնպես ազդում են ընդհանուր գերավճարի վրա: Դիֆերենցված տարբերակի դեպքում ընդհանուր վճարված տոկոսագումարն ավելի քիչ է լինում:
- Օգտագործել վարկային հաշվիչներ։ Վարկային հաշվիչում կարող եք ներմուծել անհրաժեշտ թվային տվյալները և ստանալ վարկի տրամադրման իրական պայմանները։
Խորհուրդ
Վարկերն ու ավանդները համեմատելիս միշտ ընտրեք այն տարբերակը, որն ունի ամենացածր ՏՓՏ-ն՝ վարկերի դեպքում կամ ամենաբարձր ՏՓՏ-ն՝ ավանդների դեպքում:
Այս և այլ օգտակար տեղեկությունների համար հետևե՛ք hamematir.com կայքի Ուղեցույցներ բաժնին։


