Հոդված · Վարկեր
Ի՞նչ է վարկային սքորը․ ինչպես ստուգել այն և բարելավել գնահատականը
Գրագետ վարկավորման և ծախսերի ճիշտ կառավարման համար շատ կարևոր է վարկային պատմության կամ վարկային սքորի մասին հստակ տեղեկություններ ունենալը։ Ձեր ֆինանսական խորհրդատու hamematir.com հարթակն այս ուղեցույցում կներկայացնի, թե ինչպես է ձևավորվում վարկային սքորը և ինչպես կարելի է այն բարելավել։

Ի՞նչ է վարկային սքորը և ինչո՞ւ է այն կարևոր
Վարկային սքորը վարկային ռիսկի թվային գնահատականն է։ Հենց վարկային սքորի գնահատականի հիման վրա են բանկերն ու վարկային կազմակերպությունները որոշում՝ վարկ տրամադրել, թե՞ ոչ։
ՀՀ-ում գործում է ամբողջ աշխարհում կիրառվող FICO սքորը՝ 300-850 միավոր։ Այս վարկային չափորոշիչը FICO ընկերության կողմից մշակված սքորինգային համակարգ է, որը, վիճակագրական ուսումնասիրության և վերլուծության ենթարկելով վարկառուի վարկային պատմությունը, տրամադրում է վարկային ռիսկի թվային գնահատականը։ Սքորինգի այս համակարգը կիրառվում է ամբողջ աշխարհի վարկատուների կողմից՝ որպես վարկունակության և ֆինանսական ռիսկերի գնահատման բանալի։ Որքան բարձր է վարկային սքորի թիվը, այնքան մեծ է հավանականությունը, որ բանկը ձեզ վարկ կտրամադրի։
FICO վարկային սքորի գնահատականը ձևավորվում է՝
- Մարումների պատմությունից – 35%,
- Վարկային բեռից – 30%,
- Վարկային պատմության երկարությունից – 15%,
- Փոխառությունների տեսակներից – 10%,
- Նոր վարկային դիմումից – 10%։
Ինչպե՞ս է գնահատվում վարկային սքորը և ինչպե՞ս ստուգել այն
Հայաստանում ֆիզիկական ու իրավաբանական անձանց ֆինանսական պարտավորությունների և վարկային պատմության մասին տեղեկատվությունը հավաքվում, մշակվում և պահպանվում է ԱՔՌԱ-ն (ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ) վարկային բյուրոյի կողմից։ Վերջինս սահմանում է վարկային սքորի հետևյալ դասերը՝
- Վատ՝ 300 - 579
- Բավարար՝ 580 - 669
- Լավ՝ 670 - 739
- Շատ լավ՝ 740 - 799
- Բացառիկ՝ 800 – 850։
Վարկեր տրամադրելիս բանկերն ու վարկային կազմակերպություններն օգտվում են հենց ԱՔՌԱ համակարգի տրամադրած տվյալներից։
Վարկային սքորը հնարավոր է ստուգել նաև ինքնուրույն՝ ԱՔՌԱ համակարգի միջոցով, օնլայն։ Անհրաժեշտ է գրանցվել համակարգում և անցնել նույնականացում։ Տարին մեկ անգամ վարկային սքորը կարելի է ստուգել անվճար, իսկ հաջորդ ստուգումների համար գործում է վճար՝ 300 ՀՀ դրամ և ավելի։ Վարկային պատմության վերաբերյալ զեկույցը և սքորը տրամադրվում են սովորաբար 15-30 րոպեի ընթացքում։
Հիմնական գործոնները, որոնք բացասաբար են ազդում սքորի վրա
Վարկային սքորի գնահատականի վրա վատ են անդրադառնում՝
- Ամսական մարումների ուշացումները,
- Ժամկետանց պարտավորությունները,
- Վարկային ծանրաբեռնվածությունը,
- Ընդհանուր պարտքը,
- Վարկային պատմության տևողությունը,
- Նոր վարկերը և հարցումները։
Առցանց ինքնահարցումները չեն ազդում գնահատականի վրա։
Ինչպե՞ս բարելավել վարկային սքորի գնահատականը
Դուք կարող եք բարելավել Ձեր ՖԱՅԿՈ վարկանիշը՝ կերտելով լավ վարկային պատմություն և հետևողական լինելով ընթացքին: Դրա համար անհրաժեշտ է․
- վճարումները կատարել ժամանակին,
- նվազեցնել առկա վարկերի և երաշխավորությունների քանակը,
- մասամբ կամ լիովին մարել գործող վարկերը,
- նվազեցնել ժամկետանց վարկերի և երաշխավորությունների քանակն ու վարկի գումարը:
Գործնական խորհուրդ։ Եթե ունեք բազմաթիվ փոքր վարկեր կամ բարձր տոկոսային բեռ, վարկային պատմությունը մաքրելու և ֆինանսական բեռը թեթևացնելու համար կարող եք նաև դիտարկել վերավարկավորման (վերաֆինանսավորման) հնարավորությունը՝ միավորելով տարբեր կազմակերպություններում գործող վարկերը մեկ ամբողջական՝ առավել թեթև պայմաններով վարկատեսակի մեջ։


