Հոդված · Վարկեր
Ավտովարկեր Հայաստանում․ պայմանները, տոկոսադրույքները, օնլայն դիմելու հնարավորությունները
Ավտոմեքենա գնելը հաճախ պահանջում է զգալի ֆինանսական միջոցներ, և եթե ամբողջ գումարը հասանելի չէ, ավտովարկը կարող է լինել մեքենայի գնման հարմար լուծում։

Հայաստանում բանկերնու վարկային կազմակերպություններն առաջարկում են ավտովարկավորման տարբեր ծրագրեր՝ նոր կամ օգտագործված մեքենա գնելու, կանխավճարի չափը նվազեցնելու կամ վարկի հայտը առցանց ներկայացնելու հնարավորությամբ։
Այս ուղեցույցում կանդրադառնանք Հայաստանում ավտովարկերի հիմնական տեսակներին, դրանց պայմաններին, օնլայն դիմելու ընթացակարգին և այն հանգամանքներին, որոնք պետք է հաշվի առնել վարկ ընտրելուց առաջ։
Ի՞նչ է ավտովարկը
Ավտովարկը նպատակային վարկ է, որը տրամադրվում է ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Վարկի գումարը սովորաբար ուղղվում է մեքենայի վաճառքի արժեքի վճարմանը, իսկ ձեռք բերվող ավտոմեքենան կարող է հանդես գալ որպես գրավ։
Ավտովարկավորման պայմանները կախված են մի շարք գործոններից՝
- մեքենայի տեսակից և արժեքից,
- մեքենայի արտադրության տարեթվից,
- նոր կամ օգտագործված լինելուց,
- վարկի գումարից և ժամկետից,
- կանխավճարի չափից,
- վարկառուի եկամուտներից և վարկային պատմությունից։
Ավտովարկ կարող է տրամադրվել ինչպես առաջնային շուկայից՝ ավտոսրահից նոր մեքենա գնելու, այնպես էլ երկրորդային շուկայից օգտագործված մեքենա ձեռք բերելու համար։ Այդ երկու տարբերակների պայմանները կարող են տարբերվել, ուստի անհրաժեշտ է նախապես ճշտել՝ տվյալ ֆինանսավորումը որ մեքենաների և վաճառքի ձևերի համար է հասանելի։
Ծանոթացե՛ք ՀՀ բոլոր բանկերի ավտո վարկերի պայմաններին, համեմատե՛ք և ընտրե՛ք լավագույն տարբերակը։
Ավտովարկ նոր մեքենայի համար
Նոր ավտոմեքենայի ձեռքբերման համար նախատեսված վարկերը հիմնականում տրամադրվում են ավտոսրահների միջոցով։ Որոշ բանկեր համագործակցում են մեքենաների վաճառքի գործընկերների հետ, իսկ մյուսների ծրագրերով հնարավոր է ֆինանսավորում ստանալ նաև այլ ավտոսրահներից։
Նոր մեքենայի ավտովարկ ընտրելիս ուշադրություն դարձրեք՝
- վարկի առավելագույն գումարին,
- նվազագույն կանխավճարին,
- վարկի մարման առավելագույն ժամկետին,
- անվանական և փաստացի տոկոսադրույքներին,
- ապահովագրության պահանջներին,
- վարկի տրամադրման կամ սպասարկման վճարներին։
Ավտովարկ օգտագործված մեքենայի համար
Երկրորդային շուկայից ավտոմեքենա ձեռք բերելու համար նույնպես հնարավոր է օգտվել ավտովարկից։ Այս դեպքում ֆինանսական կազմակերպությունը կարող է սահմանափակումներ ունենալ մեքենայի արտադրության տարեթվի, տեխնիկական վիճակի, արժեքի կամ վաճառքի ձևի վերաբերյալ։ Որոշ ծրագրերով ավտո վարկը տրամադրվում է միայն գործընկեր ավտոսրահներից մեքենա գնելու դեպքում, իսկ մյուսների դեպքում հնարավոր է նաև անհատ վաճառողից գնումը։
Օգտագործված մեքենայի ավտովարկ ընտրելիս կարևոր է ճշտել՝ ինչ չափով կանխավճար է պահանջվում, որքան է վարկի առավելագույն ժամկետը, և արդյոք մեքենայի գնահատման կամ ապահովագրության լրացուցիչ ծախսեր կան։ Մինչև պայմանագիր կնքելը նպատակահարմար է նաև ստուգել մեքենայի տեխնիկական վիճակն ու իրավական կարգավիճակը։
Երկրորդային շուկայի ավտովարկի պայմանները կարող են տարբերվել նոր մեքենայի ֆինանսավորումից, ուստի առաջարկները համեմատեք նույն վարկի գումարի և ժամկետի հիման վրա։
Ովքե՞ր կարող են ստանալ ավտովարկ Հայաստանում
Ավտովարկ ստանալ կարող են բոլորը, եթե համապատասխանում են հետևյալ պահանջներին՝
- Վարկառուն պետք է լինի 18-65 տարեկան
- Պետք է լինի ՀՀ քաղաքացի կամ ռեզիդենտ
- Պետք է ունենա ԿԱՍԿՈ ապահովագրություն
- Ընդհանուր պարտքային վճարումների և զուտ եկամուտների առավելագույն հարաբերակցության (ԸՊԵ) շեմը՝ եկամուտ/պարտավորություն հարաբերակցությունը չպետք է գերազանցի 60%-ը։
Ավտովարկ առանց կանխավճարի կամ զրո տոկոսով․ ի՞նչ պետք է իմանալ
Առանց կանխավճարի ավտոմեքենա գնելու դեպքում վարկառուն կարող է չվճարել մեքենայի արժեքի նախնական մասը։ Որոշ դեպքերում դա հնարավոր է միայն կոնկրետ ավտոսրահներից կամ մեքենաների որոշակի խմբի համար։
Կարևոր է տարբերակել երկու հասկացություն՝
- 0% կանխավճար՝ մեքենայի գնման պահին կանխավճար չի կատարվում։
- 0% տոկոսադրույք՝ վարկի գումարի նկատմամբ տոկոս չի հաշվարկվում։
Սրանք նույնը չեն։ Առանց կանխավճարի ավտովարկը կարող է ունենալ սովորական կամ ավելի բարձր տոկոսադրույք, ինչպես նաև ապահովագրության, գրավի ձևակերպման կամ այլ լրացուցիչ ծախսեր։
Առանց կանխավճարի ավտոմեքենայի վարկ ընտրելուց առաջ հաշվարկեք՝ արդյոք ամսական վճարը համապատասխանում է ձեր եկամուտներին։ Դա կարելի է անել վարկային հաշվիչների միջոցով։ Կանխավճարի բացակայությունը կարող է հեշտացնել մեքենայի ձեռքբերումը, բայց վարկի ավելի մեծ գումարը հաճախ նշանակում է ավելի բարձր ամսական վճար և ավելի մեծ ընդհանուր տոկոսագումար։
Ինչպե՞ս հաշվարկել ավտովարկի ամսական վճարը
Ավտովարկի ամսական վճարը կախված է վարկի գումարից, տոկոսադրույքից և մարման ժամկետից։ Հավասար ամսական վճարներով՝ անուիտետային մարման դեպքում, վճարը հաշվարկվում է վարկի մնացորդի, ամսական տոկոսադրույքի և վճարումների քանակի հիման վրա։ Վարկային հաշվիչները կարող են օգնել, որպեսզի նախապես պատկերացում կազմեք վարկային պարտավորության վերաբերյալ և պլանավորեք բյուջեն, սակայն հաշվարկը մոտավոր է և չի ներառում հնարավոր ապահովագրության, գնահատման, գրավի գրանցման կամ այլ վճարներ։ Ֆինանսական կազմակերպության վերջնական հաշվարկը կարող է տարբերվել։
Կարդացե՛ք նաև, թե ինչ է Անվանական և փաստացի տարեկան տոկոսադրույքը։
Ինչպե՞ս ստանալ ավտովարկ օնլայն
Ավտովարկի օնլայն դիմումը կարող է խնայել ժամանակ, սակայն այն ինքնին չի նշանակում, որ վարկն անպայման կհաստատվի կամ ամբողջ գործընթացը կավարտվի առանց մասնաճյուղ կամ ավտոսրահ այցելելու։
Ընդհանուր առմամբ, գործընթացը կարող է ներառել հետևյալ քայլերը՝
- Ընտրել մեքենան և ճշտել դրա վաճառքի պայմանները։
- Համեմատել մի քանի ֆինանսական կազմակերպությունների առաջարկները։
- Ընտրել կանխավճարի չափը և վարկի նախընտրելի ժամկետը։
- Լրացնել օնլայն հայտը՝ տրամադրելով պահանջվող տվյալները։
- Ներկայացնել եկամուտները կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք պահանջվում են։
- Սպասել վարկային հայտի ուսումնասիրության արդյունքին։
- Հաստատման դեպքում ծանոթանալ անհատական պայմաններին և ստորագրել պայմանագիրը։
Մինչև պայմանագիրը ստորագրելը ստուգեք վարկի գումարը, տոկոսադրույքը, ամսական վճարը, ընդհանուր վերադարձվող գումարը, ապահովագրության պայմանները և վաղաժամկետ մարման կարգը։
Դիմե՛ք ավտովարկի օնլայն հայտով՝ մեկ հայտ բոլոր բանկերին, ձեր ընտրած հերթականությամբ։ Եթե առաջին բանկը մերժի կամ չպատասխանի, հայտն ավտոմատ կվերահասցեավորվի ձեր ընտրած հաջորդ բանկին։ Կարդացե՛ք, թե Ինչպես է աշխատում հայտի կասկադը։
Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ավտովարկ ստանալու համար
Փաստաթղթերի ցանկը կախված է ֆինանսական կազմակերպությունից, վարկառուի կարգավիճակից և մեքենայի ձեռքբերման պայմաններից։ Սովորաբար կարող են պահանջվել՝
- անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ
- եկամուտները հաստատող փաստաթղթեր՝ եթե պահանջվում են,
- մեքենայի վերաբերյալ տվյալներ կամ գնման փաստաթղթեր (սեփականության վկայականը և տեխնիկական անձնագիր),
վարկառուի կամ նրա ընտանիքի անդամի վարորդական իրավունքը,
այլ փաստաթղթեր՝ ֆինանսական կազմակերպության պահանջով։
Որոշ ծրագրերի դեպքում եկամուտների գնահատման կամ փաստաթղթավորման պահանջները կարող են տարբեր լինել։ Ուստի անհրաժեշտ է նախապես ճշտել փաստաթղթերի ամբողջական ցանկը տվյալ բանկից կամ վարկային կազմակերպությունից։
Ռիսկեր, որոնք արժե հաշվի առնել ավտովարկի դիմելիս
- Բարձր արժեք։ Առանց կանխավճարի վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքները սովորաբար շատ ավելի բարձր են։
- Մեծ մայր գումար։
- Արժեզրկման ռիսկ։ Մեքենաները գնման պահից սկսած արագ արժեզրկվում են։
- Խիստ պարտադիր ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Ամենամյա հավելյալ ծախսեր։
- Թաքնված կամ բարձր միջնորդավճարներ։ Ձևակերպման ծախսեր, գնահատման և նոտարական ծախսեր, որոնք հաճախ մնում են վարկառուի վրա։
- Բարձր ամսական վճար և բյուջեի ծանրաբեռնվածություն։
Ամփոփում
Ավտովարկը կարող է օգնել ձեռք բերել նոր կամ օգտագործված մեքենա՝ առանց ամբողջ արժեքը միանգամից վճարելու։ Հայաստանում առկա են տարբեր առաջարկներ՝ սկսած կանխավճարով վարկերից մինչև որոշ դեպքերում առանց կանխավճարի ֆինանսավորում։
Համեմատե՛ք ավտովարկերի պայմանները Hamematir.com-ում և ընտրե՛ք այն տարբերակը, որը համապատասխանում է ձեր նպատակներին ու բյուջեին։


