Համեմատեք, ընտրեք ևստացեք լավագույն առաջարկը։

Հոդված · Վարկեր

Վարկային պարտավորություններ և ֆինանսական բեռ․ ինչպե՞ս կառավարել վարկերը

Վարկերը կարող են օգնել լուծելու ֆինանսական տարբեր խնդիրներ՝ բնակարան գնելուց մինչև բիզնեսի զարգացում կամ անսպասելի ծախսեր։ Սակայն միաժամանակ մի քանի վարկ ունենալը կամ եկամուտների համեմատ բարձր ամսական վճարումներ կատարելը կարող է զգալիորեն ծանրաբեռնել անձնական կամ ընտանեկան բյուջեն։

Վարկային պարտավորություններ և ֆինանսական բեռ․ ինչպե՞ս կառավարել վարկերը

Ֆինանսական բեռի ճիշտ գնահատումը թույլ է տալիս հասկանալ՝ որքանով են ձեր վարկային պարտավորությունները համապատասխանում եկամուտներին, ինչ ռիսկեր կարող են առաջանալ և ինչ քայլեր կարելի է ձեռնարկել դրանք կառավարելու համար։

Ի՞նչ են վարկային պարտավորությունները և ֆինանսական բեռը

Վարկային պարտավորությունները վարկառուի ստանձնած ֆինանսական պարտքերն են, որոնք անհրաժեշտ է մարել պայմանագրով սահմանված ժամկետներում։ Դրանք կարող են ներառել սպառողական, հիփոթեքային, ավտոմեքենայի վարկերը, ինչպես նաև այլ վարկային պարտավորություններ։

Ֆինանսական բեռը ցույց է տալիս, թե որքանով են վարկերի մարումները և մյուս պարտադիր ծախսերը սահմանափակում անձի կամ ընտանիքի ֆինանսական հնարավորությունները։

Օրինակ՝ եթե ամսական եկամտի զգալի մասը ծախսվում է վարկերի մարման վրա, կարող են դժվարություններ առաջանալ առօրյա ծախսերը հոգալու, խնայողություններ ձևավորելու կամ չնախատեսված իրավիճակներին պատրաստ լինելու հարցում։

Կարևոր է ոչ միայն հաշվի առնել գործող վարկերի քանակը, այլև գնահատել դրանց ընդհանուր ամսական վճարները, մնացորդային պարտքը, տոկոսադրույքները և մարման ժամկետները։

Նախքան վարկ վերցնելը կարող եք հաշվարկել վարկի ամսական մարումները, ընդհանուր տոկոսը և փաստացի տոկոսադրույքը։

Ինչպե՞ս հաշվարկել վարկային բեռը

Վարկային բեռի նախնական գնահատման համար կարելի է հաշվարկել ամսական վարկային վճարումների և ամսական եկամտի հարաբերակցությունը։

Բանաձևը՝

Վարկային բեռ (%) = (Ամսական վարկային վճարումների գումար / Ամսական եկամուտ) × 100%

Օրինակ՝ եթե ձեր ամսական եկամուտը 400,000 դրամ է, իսկ բոլոր վարկերի ամսական վճարումների ընդհանուր գումարը՝ 120,000 դրամ, ապա՝

Վարկային բեռ = (120,000 / 400,000) × 100% = 30%։

Սա նշանակում է, որ եկամտի 30%-ն ուղղվում է վարկերի ամսական վճարմանը։

Այս հաշվարկը նախնական գնահատման գործիք է։ Բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից կիրառվող պարտքային բեռի ցուցանիշները կարող են հաշվարկվել այլ մեթոդաբանությամբ և ներառել եկամուտների ու պարտավորությունների լրացուցիչ բաղադրիչներ։

Վարկի համար դիմելիս անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն վարկային բեռը, այլև ֆինանսական բեռը, որը ներառում է նաև բնակարանի վարձը, կոմունալ վճարները, սննդի, տրանսպորտի, բուժման և այլ անհրաժեշտ ծախսերը։ Նույն հարաբերակցությունը տարբեր մարդկանց համար կարող է տարբեր ֆինանսական ռիսկեր ունենալ՝ կախված եկամտի չափից և ընտանիքի կարիքներից։

Որո՞նք են բարձր ֆինանսական բեռի հիմնական ռիսկերը

Երբ վարկային պարտավորությունները չափազանց մեծ են եկամուտների համեմատ, կարող են առաջանալ մի շարք խնդիրներ։

  • Ամսական բյուջեի սահմանափակում։ Վարկերի մարումից հետո կարող է բավարար գումար չմնալ առօրյա անհրաժեշտ ծախսերի համար։
  • Խնայողությունների բացակայություն։ Ամբողջ եկամուտը պարտավորություններին ուղղելու դեպքում դժվարանում է ֆինանսական պահուստ ձևավորելը։
  • Վճարումների ուշացման վտանգ։ Եկամուտների նվազման կամ անսպասելի ծախսերի դեպքում կարող եք դժվարանալ կատարել հերթական վճարումները։
  • Լրացուցիչ ծախսեր։ Վարկի ուշացումը կարող է առաջացնել պայմանագրով և օրենքով նախատեսված հետևանքներ, ինչպես նաև բացասաբար անդրադառնալ վարկային պատմության վրա։
  • Նոր վարկ ստանալու դժվարություն։ Գործող պարտավորությունները կարող են ազդել նոր վարկի տրամադրման և առաջարկվող պայմանների վրա։

Վարկ վերցնելուց առաջ անհրաժեշտ է գնահատել ոչ միայն տվյալ պահին վճարումներ կատարելու հնարավորությունը, այլև այն, թե ինչպես կփոխվի ձեր ֆինանսական վիճակը եկամուտների նվազման դեպքում։

Ինչպե՞ս նվազեցնել ֆինանսական բեռը

Ֆինանսական բեռի նվազեցումը միշտ չէ, որ պահանջում է նոր վարկ վերցնել։ Հաճախ առաջին քայլը գործող պարտավորությունների և անձնական բյուջեի մանրամասն ուսումնասիրությունն է։

1. Վերլուծեք եկամուտներն ու ծախսերը

Կազմե՛ք ամսական բյուջե՝ առանձնացնելով եկամուտները, պարտադիր ծախսերը և վարկային վճարումները։ Սա կօգնի հասկանալ՝ որքան գումար է մնում այլ կարիքների և խնայողությունների համար։

Եթե ծախսերը գերազանցում են հնարավորությունները, ուսումնասիրե՛ք ոչ պարտադիր ծախսերը կրճատելու տարբերակները։ Միևնույն ժամանակ մի՛ անտեսեք անհրաժեշտ ծախսերը՝ փորձելով բյուջեում տեղավորել միայն վարկերի մարումը։

2. Կազմեք գործող վարկերի ամբողջական ցանկը

Յուրաքանչյուր վարկի համար գրանցեք՝

  • մնացորդային պարտքի գումարը
  • տոկոսադրույքը
  • ամսական վճարը
  • մնացած մարման ժամկետը
  • վաղաժամկետ մարման պայմանները
  • լրացուցիչ միջնորդավճարները և այլ ծախսերը։

Այս տվյալները թույլ կտան համեմատել պարտավորությունները և հասկանալ, թե ո՛ր վարկի պայմաններն են առավել ծանրաբեռնող։

3. Ուսումնասիրեք վերաֆինանսավորման հնարավորությունը

Վարկերի վերաֆինանսավորումը գործող վարկային պարտավորությունները նոր վարկի միջոցով փոխարինելու տարբերակ է։ Որոշ դեպքերում հնարավոր է մի քանի վարկ միավորել մեկ վարկի մեջ և ունենալ մեկ ամսական վճարում։

Վերաֆինանսավորումը կարող է օգտակար լինել, եթե նոր վարկն առաջարկում է ավելի ցածր տոկոսադրույք, ավելի հարմար մարման պայմաններ կամ ընդհանուր ծախսերի նվազեցման հնարավորություն։

Ուշադրություն։ Միայն ամսական վճարի փոքր լինելը բավարար չէ շահավետ որոշում կայացնելու համար։ Եթե նոր վարկի մարման ժամկետը զգալիորեն երկար է, ընդհանուր վճարվող տոկոսները կարող են աճել։

Նախքան որոշում կայացնելը համեմատեք՝

  • նոր վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը
  • ամսական վճարի չափը
  • մարման ամբողջ ժամկետը
  • վերաֆինանսավորման և վարկերի վաղաժամկետ մարման հետ կապված վճարները
  • վարկի ամբողջ ժամանակահատվածում վճարվելիք գումարը։

Եթե վերավարկավորման նպատակն է նվազեցնել ֆինանսական բեռը, ընտրեք այն տարբերակը, որը համապատասխանում է ձեր բյուջեին և երկարաժամկետ առումով ֆինանսապես հիմնավորված է։

4. Պարբերաբար ստուգեք վարկային պատմությունը

Վարկային պատմությունը պարունակում է տեղեկություններ ձեր վարկային պարտավորությունների և դրանց կատարման վերաբերյալ։ Այն կարող է կարևոր լինել նոր վարկ ստանալու կամ վերաֆինանսավորման առաջարկներ ուսումնասիրելու ժամանակ։

Վարկային պատմությունը կամ վարկային սքորը կարելի է ստուգել ԱՔՌԱ համակարգում։

Վարկային պատմության վերաբերյալ հաշվետվության ուսումնասիրությունը թույլ է տալիս պարզել՝ արդյոք գործող վարկերի վերաբերյալ տվյալները ճիշտ են, կան արդյոք չմարված կամ ժամկետանց պարտավորություններ, և արդյոք անհրաժեշտ է ճշտել որևէ տեղեկություն։

Հիշե՛ք, որ վարկային պատմության ստուգումը ինքնին չի նվազեցնում ֆինանսական բեռը, բայց օգնում է ավելի տեղեկացված որոշումներ կայացնել։

5. Խուսափեք նոր պարտավորություններից, եթե բյուջեն արդեն ծանրաբեռնված է

Եթե գործող վարկերի մարումը դժվարությամբ եք տեղավորում ամսական բյուջեում, նոր վարկ վերցնելը կարող է խորացնել խնդիրը։

Մինչև նոր պարտավորություն ստանձնելը գնահատեք դրա անհրաժեշտությունը, ամսական վճարի չափը և հնարավոր ռիսկերը։ Հատկապես կարևոր է ունենալ ֆինանսական պահուստ, որը կօգնի հաղթահարել եկամուտների ժամանակավոր նվազումը կամ չնախատեսված ծախսերը։

Ի՞նչ անել, եթե դժվարանում եք մարել վարկերը

Եթե հասկանում եք, որ մոտ ապագայում չեք կարողանա կատարել վարկային վճարումները, մի՛ սպասեք, մինչև պարտավորությունները դառնան ժամկետանց։ Կապվեք վարկատու կազմակերպության հետ, ներկայացրեք ձեր ֆինանսական իրավիճակը և պարզեք՝ արդյոք հնարավոր է վերանայել մարման պայմանները, երկարաձգել ժամկետը կամ քննարկել այլ լուծումներ։

Պայմանների փոփոխությունը կախված է վարկատուի առաջարկից, պայմանագրից և կիրառելի իրավական կարգավորումներից։ Մինչև համաձայնություն տալը գնահատեք առաջարկվող փոփոխությունների ընդհանուր արժեքը և հետևանքները։

Եթե արդեն ունեք ժամկետանց պարտավորություններ, առաջնահերթություն տվեք դրանց վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն ստանալուն և վարկատուի հետ կապ հաստատելուն։ Հին պարտքերը մարելու նպատակով նոր վարկ վերցնելը միշտ չէ, որ լուծում է խնդիրը։

Ինչպե՞ս խուսափել ֆինանսական գերծանրաբեռնվածությունից

Վարկային պարտավորությունների արդյունավետ կառավարումը սկսվում է վարկ վերցնելուց առաջ։ Նախապես հաշվարկեք ապագա վճարումները, գնահատեք ձեր եկամուտների կայունությունը և հաշվի առեք հնարավոր անսպասելի ծախսերը։

Ֆինանսական բեռը վերահսկելու համար՝

  • Պահպանեք եկամուտների և ծախսերի հաշվառումը․
  • Պարբերաբար վերանայեք գործող վարկերի պայմանները․
  • Հնարավորության դեպքում ձևավորեք արտակարգ իրավիճակների ֆինանսական պահուստ․
  • Նոր վարկ վերցնելուց առաջ համեմատեք մի քանի առաջարկ․
  • Մի՛ գնահատեք վարկի շահավետությունը միայն ամսական վճարի չափով․
  • Անհրաժեշտության դեպքում ուսումնասիրեք վերաֆինանսավորման հնարավորությունները։
Դիմել վարկի